Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի:Ավետարան ըստ Մատթեոսի, 7. 6-8Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ, Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս»:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը:
Տոնի առթիվ նախօրեին եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը Սուրբ Գայանե վանքում հանդիսապետում էր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, բարերարները և բազում ուխտավորներ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Մինչ պատարագը կատարվեց երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ:
Պատարագի ընթացքում Մուշեղ սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ նշելով, որ ամենքը կրկին իրենց քայլերն ուղղել են եկեղեցիներ՝ զորանալու և խաղաղվելու փափագով։ «Խաղաղությունն է միացնում մեզ։ Խաղաղության փնտրտուքով է ազգը հայոց փարվել Քրիստոսին, ընդունել Նրա իշխանությունը և ապավինել Նրա անսահման խաղաղությանը։ Խաղաղաբեր այդ հզոր Իշխանի շուրջն ենք համախմբվել միշտ՝ զորանալու Նրանով և հույսով լցվելու։ Եվ այս պահին, սիրելի հավատացյալներ, այդ հզոր Իշխանի ծննդյան ավետիսն է, որ հրեշտակների կողմից փողահարվում է ի լուր աշխարհի. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս», — ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: