«Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը, որում հայտնվել ենք, երևի էլի չդիմանար՝ կգնար». Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Հետաքրքիր Շոու բիզնես

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է իր մայրիկի արխիվային լուսանկարներն ու գրառում արել նրա կյանքից հեռանալու տարելիցի կապակցությամբ:

«Ես առաջին անգամ ուղիղ, անպաճույճ մազերը սիրեցի, երբ ծնվեցի: Մայրս շքեղ վարսեր ուներ, նրա վարսերն եմ հիշում, այդ բույրով ապրածս մանկությունը: Oրը մի բան հորինում էր, մի թեթև ալիքով տրամադրություն ստեղծում: Ծաղիկներից պսակ հյուսել ու դաշտերում բնության հետ մեկ դառնալ սովորեցի էլի նրանից, մայրս յուրահատուկ եթերային էր…

Խառն ու անհասկանալի կտորներից նոր զգեստ կարել մի գիշերվա մեջ ու ընտանեկան բազում հոգսերի անքնությունը թաքցնել փեշերի մեջ՝ մայրս էր կարողանում, դժվարություններն օրվա ժամերի պես էր ընկալում՝ ապրում ու անցնում էր:

Սկսվող ու չավարտվող ճակատով մայրս էր, խելքի ու վշտի դրոշմն էր: Վշտում էր, որովհետև անտարբեր չէր, լուռ ու մաքառող տեսակն էր, ներսից իրեն ուտող, դրսից ուրիշին միայն օգնող: Վատություն չանել, չնեղացնել, չվշտացնել. այս խոսքերը երևի աղոթքի պես էր կրկնում ու էդպես էլ ապրում էր, ու էդպես էլ ննջեց՝ մի վայրկյանում, աշխատավայրում, առանց որևէ մեկին նեղություն տալու: Ուղիղ 9 տարի առաջ՝ 2011- ի դեկտեմբերի այս ցուրտ օրը ննջեց: Հոգնեց հավանաբար, կամ ժամն էր:

Էնքան առ եղծվածային և միևնույն ժամանակ պարզ մի կին էր, բոլոր հայ մայրերին բնորոշ պարզությամբ ու մաքրությամբ. իմ ճանաչած մայրերն այդպիսին են: Անեծք չուներ շուրթին, վատ բառ չուներ, անչար ու մեծ սրտով, անսուտ մայրս:

Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը, որում հայտնվել ենք, երևի էլի չդիմանար՝ կգնար:

Ամեն այս օրը սուգ է ինձ համար: Կարոտները պարանախեղդ են անում ինձ վաղուց, ու միշտ թվում էր՝ չկա ավելի ցավոտ բան ծնողի կորստից, բայց hայրենիքի կորուստն անդիմանալի մի ցավ է՝ չսպիացող, չդարմանվող: Հիմա եռակի որբ եմ:

Իշխանազուն մայրս կաթիլ առ կաթիլ սեր էր ներարկել մեր մեջ`մեզ բամբասող մարդուց մինչև անշուք թվացող քար ու թփի նկատմամբ: Որովհետև էդ սերը նրա մեջ էր: Ու Հայրենիքի կորստով ամեն անգամ նորից ենք կորցնում ծնողին ու նրա սերը, նրա գիրկը, նրա սիրտը: Այս ո ղբերգական տարում լիարժեք հասկացա՝ ինչ ասել է մայրը՝ Հայաստան, ու Հայաստանը՝ մայր: Նրանք անքակտելի են:

Մեր գետերի ու անվերջ թվացող ոլորապտույտ ճանապարհների մեջ, լեռների արձագանքի ու խառնիխուռն աճող ծառերի մեջ՝ ամենուր մայրս է՝ մեզ ծնած, մեզ սնած ու վերջում իր պաշտելի հողում ննջած:

Ներեք մեզ մայրեր, որ այդպես էլ չենք կարողանում մինչև վերջ արժանի լինել ձեր տված սիրուն, պահած հայրենիքին ու անպարագիծ նվիրումին»,- գրել է դերասանուհին:

Մեկնաբանություններում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանը գրել է. «Միշտ իմ բարի ու հացառատ Էմմա, լույսդ օգնի՝ ապրենք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.