Սիրող և ողորմած Աստված, աղաչում եմ, օրհնիր և օգնիր մեր ընտանիքին

Հետաքրքիր

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:

Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն։ Տեր Աստված, ընդունիր առավոտյան մեր աղոթքները Աստծո խոսքը համարձակ ու նախանձախնդրորեն հռչակողների և լուսաբանողների համար, ըստ Պողոս Առաքյալի խոսքի, թե`«Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին. եւ առավելագոյն սիրո արժանի համարեցեք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։Այնուհետև ավելացնում է.

«Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեցեք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը առաջ գնա եւ փառավորվի ամեն տեղ»:Տեր Աստված, Դու արժանացրու մեզ, որպեսզի Քո խոսքը լսող և կատարող լինենք, մեզ անմասն մի թող Քո Բարի պատգամից ու օրհնությունից, ուր որ էլ լինենք:Քո Ամենատես աչքի առջև է մեր կյանքն ու մեր գործը: Աղաչում ենք Քեզ, օգնիր և օրհնիր մեզ, մեր հավատքի չափով, մեր հույսի համբերության և սիրո վաստակի համեմատ:

Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր Սրբերի բարեխոսությամբ Քո առջև ենք կանգնած այս պահին, հաստատիր մեր անխափան ընթացքը, աղաչում ենք Քեզ, Անտարակույս Վստահություն, Աղքատասեր Պաշտպան և Սեր մթանն օտար`մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս: Ամենասուրբ Երրորդությանդ է վայելում փառքը, Պատիվը և Իշխանությունը հավիտյանս հավիտենից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.