Քոչարյանը շտապ հավաք է հրավիրել․․ ինչ է պատրաստվում անել նա

Քաղաքականություն

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կենտրոնական շտաբում հավաք է հրավիրել, որի ընթացքում պետք է որոշվեն դաշինքի հետագա անելիքները:Մեզ ասացին, որ քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում մանդատները չվերցնելու հարցը:Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որ հնարավոր է, որ չճանաչեն ընտրությունների արդյունքները»,- գրում է Hraparak.am-ը։

Կից ներկայացնում ենք․ Lragir.am-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը հավաքել է մոտ 21 տոկոս եւ նախնական տվյալով նոր խորհրդարանում կստանա 27 մանդատ: Պատիվ ունեմ դաշինքը կունենա 6 մանդատ: Հայաստան դաշինքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:

«Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», նշված է հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, հայտարարությունից երեւում է, որ դաշինքի համար անակնկալ են եղել արդյունքները, «հաշվի առնելով հանրային տրամադրությունները, սոցիոլոգիական հարցումները» եւ այլն: Սա քիչ ինչ զարմանալի է, եթե նկատի առնենք Քոչարյանի ու ՀՅԴ-ի ներքաղաքական փորձը՝ իրենք է՞լ են հավատացել «հանրային տրամադրությունների չափման» տվյալներին, այդ թվում ռուսական զանազան աղբյուրներից, թե՞ ըստ այդմ այլ սպասելիքներ ունեին:

Ի՞նչ են անելու Հայաստան եւ Պատիվ ունեմ դաշինքներն իրենց ստացած պատկառելի թվով ձայների պարագայում: Նախեւառաջ, պետք է դուրս գալ մոսկովյան սցենարով «երկբեւեռ ընտրության» կաղապարից, որով Մոսկվան ցանկանում է ձեւավորել թուրքերի հետ իր պայմանավորվածությունները լեգիտիմացնելու կոչված նոր խորհրդարան:

Եթե եռակողմ հայտարարությունը համարվում է դավաճանական փաստաթուղթ, դրա «անվերապահ կատարումը» եւ անայլընտրանքայնության վերաբերյալ պնդումները դառնում են մեղմ ասած անհասկանալի: Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորած դաշինքները կարող են չվերցնել մանդատները, նոր խորհրդարանում մասնակից չդառնալով իշխող ուժի վավերացնելիք հակահայ պայմանագրերին, որն առավել եւս ունենալու է սահմանադրական մեծամասնություն: Ընդդիմության ներկայությունը եւ ցանկացած քվեարկություն ընդամենը լեգիտիմացնելու է այդ վավերացումները:

Արցախը Հայաստանից օտարելուց հետո ռուսները ծրագրում են Սյունիքի մարզի եւ Հայաստանի այլ տարածքների օտարումը կամ թուրքերին հանձնելը, սահմանանշման ու սահմանագծման վերաբերյալ եռակողմ նոր փաստաթղթով, որը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, այս ամիսների «ներքաղաքական պայքարի» բնույթն ու քարոզչական ֆոնը ծառայում էին այդ ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում պետք է ձեւավորվի ինքնիշխան ազգային-քաղաքական շարժում՝ հայկական իրավունքների ու պահանջատիրության դիրքերից: Դրա հնարավորություններն ու բարենպաստ միջազգային ֆոնն առկա են, պարտավորություններն ու սպասելիքներն ավարտված են, եթե դրանք կային: Ցանկացած այլ օրակարգ նպաստելու է ռուս-թուրքական ծրագրերի իրականացմանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.