Համեմի բուժիչ հատկությունները…համեմը հրաշքներ կգործի Ձեր օրգանիզմի հետ

Համեմի բուժիչ հատկությունները` արևելյան բժշկության տեսանկյունից
Տերևը և խոտն ունեն հականեխիչ հատկություն, թարմացնում են շնչառությունը։ Պարունակում են ֆլավոններ և ֆենոլներ, որոնք բարելավում են մարսողությունը և այլ հակաօքսիդանտ նյութերի հետ համատեղ` բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը և վերացնում են ալերգիկ ռեակցիաների պատճառները։

Իջեցնում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ և բարձրացնում մկանների զգայունությունն ինսուլինի հանդեպ։

Կարծում են, որ համեմից ստացված պատրաստուկներն ունեն ոչ միայն հակաբակտերիալ, այլ նաև հակավարակային հատկություն, ինչպես, օրինակ, սխտորը։ Ճնշում են բորբոսի և այլ պաթոգեն սնկերի գործունեությունը և մաքրում օրգանիզմը դրանց արտադրած թույներից։

Համեմն օգտակար է դիսբակտերիոզի դեպքում։
Համեմի տերևը պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք օգտակար են դաշտանի ուշացման և նույնիսկ էնդոմետրիոզի դեպքում, քանի որ բույսն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն։

Սերմը կանխում է հելմինտների զարգացումը և ունի որդաթափ հատկություն։
Սերմը հեռացնում է գազերը։ Խորհուրդ է տրվում ուտելուց հետո ծամել մեկական գրամ ռազիանի և համեմի սերմի խառնուրդ (1։1)։

Ըստ Այուրվեդայի` համեմի կանաչ զանգվածը, սերմը և եթերային յուղը, ի տարբերություն այլ բուրավետ բույսերի, ունեն հովացնող հատկություն և կարող են փոխարինել սննդակարգում կծվահամ համեմունքը կամ մեղմել դրա ազդեցությունը։
Համարվում է, որ համեմը հատկապես օգտակար է գիրանալու հակում, անհանգիստ քուն ունեցող մարդկանց, նաև վատ մարսողության դեպքում։
Զսպում է ախորժակը, նպաստում է կաթնամթերքի և մրգերի մարսելուն, հեռացնում է գազերը, ունի միզամուղ հատկություն, հեռացնում է հեղուկի ավելցուկը, կանխարգելում է այտուցների առաջացումը։

Ախտահանում է աղիները և նպաստում է օգտակար նյութերի յուրացմանը։ Կանխարգելում է այրոցքը, զկրտոցը, հանգստացնում է որովայնի խիթերը։

Բացում է լեղածորանները։ Քրքումի հետ համատեղ` վերականգնում է լյարդի բջիջները։Կարգավորում է ճարպերի փոխանակումը, նպաստում է ճարպերի կուտակումների վերացմանը և հավասարաչափ բաշխմանն օրգանիզմում, կարգավորում է ազատված էներգիայի բաշխումը։

Չինացիները համեմատաբար ուշ են սկսել մշակել համեմը (Ք.հ. 4-րդ դար)։ Նրանք համարել են, որ համեմի տերևն անմահություն է պարգևում և խթանում է սիրո զգացումը։ Նման կարծիքի է եղել նաև ֆրանսիացի արքա Կարլոս Մեծը (իշխել է 771-814թթ.), ով դեղաբույսերի գիտակ է եղել։

Ժամանակակից հնդիկ գիտնականները կարծում են, որ համեմի տերևն իրոք աֆրոդիզիակ է, և այդ երկրի տղամարդիկ երբեմն գերազանցում են թույլատրելի չափաբաժինները։

Համեմի տերևի աֆրոդիզիակ հատկությունը գովերգվում է նաև «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների ժողովածուում։
Պտուղը կարող է ազդել տրամագծորեն այլ կերպ. եթե 7-8 գրամ սերմն 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ տաք ջրի մեջ և խմեք, ապա սիրո կիրքը զգալիորեն կնվազի։

Զգուշացում։ Ա. Ամասիացին գրել է. «Համեմը չի կարելի չարաշահել, կմթագնի հիշողությունը, կդադարեցնի սերմնարտադրությունը, խռպոտ կդարձնի ձայնը։ Գինձի թարմ հյութը թունավոր է և կարող է մահացու լինել»։
Ավելացնենք` կառաջացնի անքնություն, կխախտվի դաշտանային պարբերականությունը։

Կարևոր է իմանալ, որ ժամանակակից պատկերացումների համաձայն` գործնականում առողջ մարդու համար անվնաս են համարվում սամիթի 4 գ չոր սերմը և 35 գ թարմ կանաչին։ Իսկ հյութի մահաբեր քանակի չափը սահմանել է Ավիցենան.

100 մլ, որը ստանալու համար բավականին շատ թարմ հումք և ժամանակ է պետք վատնել` անիմաստ։
Ի դեպ, Աստվածաշնչի վերը հիշատակված տեղում նշված է նաև Մանանայի թույլատրելի չափաքանակը։

Հակացուցումներ։ Խորհուրդ չի տրվում ուտել համեմի կանաչին և սերմը և բուժվել դրանից ստացված պատրաստուկներով.

Հղիության պլանավորման պահից մինչև երեխային կերակրելու շրջանի վերջը։
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` աթերոսկլերոզ, ինսուլտ, ինֆարկտ, տրոմբոֆլեբիտ։
Խոլեցեստիտ, ստամոքսաբորբ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց։
Ճնշման տատանումներ` հիպերտոնիա և հիպոտոնիա։

Ալերգիկ ռեակցիա։ Կարող է առաջանալ անհատական անընկալունակության դեպքում կամ առաջացնել խաչաձև ալերգիա բարդածաղկավորների ծաղկափոշու հանդեպ։ Ախտանիշերն են` քոր բերանում և լեզվի, շրթունքների, քիմքի, կոկորդի այտուցվածություն։