Օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել էր այն մասին, որ անհրաժեշտ է քննարկել ՀՀ պետական խորհրդանիշներից ՀՀ զինանշանի փոփոխության հարցը:
Ինչպես հայտնի է, այս մասին տարբեր առիթներով հայտարարել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իշխանական ներկայացուցիչների վարած քաղաքականության արդյունքում զինանշանը փոփոխելու հարցը տարբեր հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներ մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի՝ Արարատ լեռան հանդեպ ունեցած հակակրանքի շրջանակում:
Հիշեցնենք, որ հայոց «սուրբ լեռը»՝ իբրև զինանշանի անքակտելի մաս, կիրառվել է դեռ ՀԽՍՀ զինանշանում, որի հեղինակներն են Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը:
Ավելի վաղ Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը Արարատ լեռը պատկերել էին նաև Հայաստանի առաջին հանրապետության զինանշանին՝ զինանշանի հենց կենտրոնում տեղադրելով այն:
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Մարտիրոս Սարյանի հետնորդների հետ՝ պարզելու վերջիններիս վերաբերմունքը թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, թե՛ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից հնչեցված՝ զինանշանը փոփոխելու մտքի շուրջ:
Նկարչի ժառանգները, սակայն, իմանալով հարցազրույցի թեմատիկ բովանդակության մասին, սկզբում երկմտանքով ժամանակ խնդրեցին մտածելու և պատասխանելու համար, իսկ այնուհետ՝ մերժեցին:
Oragir.News-ի հարցին՝ արդյոք չկա՞ նկարչի տուն-թանգարանում որևէ գիտաշխատող, որ ցանկանա մեկնաբանություն տալ, ևս մերժման պատասխան ստացանք:
Ստացվում է, որ թե՛ նկարչի ժառանգները, թե՛ ՀՀ հպարտ քաղաքացիները հաշտ են զինանշանի փոփոխման՝ իշխանության առաջարկի հետ:
Հավելենք նաև, որ տարիներ առաջ նկարչի հետնորդները իրար հերթ չէին տալիս պատմելու, թե ինչպես է Մարտիրոս Սարյանը հերոսաբար նկարել Արարատը:
Հաշվի առնելով նկարչի ժառանգների խուսափողական պատասխանը՝ միտք է առաջանում․ արդյոք երկչոտությունը գալիս է Սարյանի՞ց:
Եթե այո, ապա ո՞վ է Սարյանին հանձնարարել, որ Արարատ լեռը պատկերվի զինանշանին:
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/02/01/105385