Հայերենը միակ լեզուն է, որտեղ «Աստվածաշունչ» բառը ուղղակիորեն կապվում է Աստծու հետ

«Աստվածաշունչ» բառը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ այն նշանակում է «Աստծո շունչ»: Եվ հայերենը միակ լեզուն է աշխարհում, որում «Աստվածաշունչ» բառն ուղիղ կապ ու հարաբերություն ունի Աստծո հետ: Այլ լեզուներով Աստվածաշունչը հնչում է որպես Bible (անգլ.), Библия (ռուս.) և այլն:

Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունները կատարվել են քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց՝ 301 թվականից անմիջապես հետո: Այդ ժամանակ Հայաստանում դեռևս այբուբեն գոյություն չուներ, և հոգևոր ծառայողները բանավոր կերպով թարգմանում էին Աստվածաշունչը՝ երկրում քրիստոնեությունը տարածելու և ծիսակատարություններ անցկացնելու համար:

405 թ., երբ մեծն Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, Աստվածաշունչն առաջին անգամ գրավոր թարգմանվեց հայերեն ասորական Պեշիթոյից: Պեշիթոն Աստվածաշնչի ասորերեն թարգմանությունն է:

Երկրորդ թարգմանությունն արվեց հետագա տարիներին՝ 431 թ. կայացած Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո: Աստվածաշունչը հայերեն թարգմանողները դարձան Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին, Կորյունը, Հովսեփ Պագնացին, Հովհան Եկեղեցացին, Ղևոնդ Վարդապետը և այլք:

Թարգմանությունն արվեց դասական հին հայերենով՝ գրաբարով, որն էլ այսօր համարվում է Հայկական առաքելական եկեղեցու պաշտոնական լեզուն:

Առաջին հայերեն Աստվածաշունչը տպագրվել է Ամստերդամում 1666 թ. հոկտեմբերի 13-ին, հայ հոգևոր գործիչ Ոսկան Երևանցու ջանքերով: Գիրքը տպագրվեց այն ժամանակների համար չափազանց մեծ տպաքանակով՝ 5000 օրինակ: Ոսկանյան Աստվածաշնչի հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը:

Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Աստվածաշնչի լատիներեն թարգմանության` Վուլգաթայի: Նա տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել է նաև Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք բացակայում են Աստվածաշնչի հայկական կանոնում:

Leave a Comment