Այս ՀԱՅԸ ստեղծել է մի ապարատ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն բուժել ոսկրային կոտրվածքները, այլև երկարացնել վերջավորությունների ոսկորները. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975), ՌԴ վաստակավոր գյուտարար (1984) Հովհաննես Հովհաննիսյանի մասին է՝ ծնված 1933 թ. հունիսի 3-ին Աջարիայի Բաթում քաղաքում՝ Արևմտյան Հայաստանից գաղթածների ընտանիքում։

Նրա քույրը՝ Շուշիկը, տարիներ անց ամուսնանում է Օշականում։ Հովհաննեսը նրա հետ գալիս է Օշական և անցնում քրոջ խնամակալության տակ։

Նա ավարտում է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը։ 2013 թ. մայիսի 17-ին դպրոցում բացվեց նրա անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, նրա ընտանիքի հովանավորությամբ:

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1958)։

1961-ից աշխատում է Մոսկվայի Ն․ Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ԳՀԻ-ում, 1978-ից՝ մեծահասակների օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են հոդային կրճիկի վերականգնման, հոդերի ֆրիկցիոն (շփական) հատկությունների, կենսամեխանիկական առանձնահատկությունների, մեխանիկական և մաթեմատիկական մոդելավորման հարցերի ուսումնասիրությանը։

Ինստիտուտի տնօրեն Ս․ Վոլկովի հետ ստեղծել է վնասված հոդերի ֆունկցիայի և կրճիկային հյուսվածքի վերականգնման ապարատ, որը հայտնի է «Վոլկով-Հովհաննիսյանի հոդակապային դիստրակցիոն (արտաձգման) ապարատ» անունով։ Վերջինս հնարավորություն է տալիս ոչ միայն բուժել ոսկրային կոտրվածքները, այլև երկարացնել վերջավորությունների ոսկորները և ապահովել հոդերի շարժումը։

Հովհաննես Հովհաննիսյանն ունի 88 գյուտի հեղինակային իրավունք և Ռուսաստանի 50 և աշխարհի առաջատար երկրների 8 արտոնագիր:

Հովհաննես Հովհաննիսյանը մահացել է 2010 վականին, 77 տարեկան հասակում: